Դըխկ-դըխկ: Սովորական առավոտ: Դավիթը շուռ ու մուռ եկավ, ապա իր փոքրիկ դեմքը մխրճեց փափուկ բարձի մեջ: Դըխկ-շըխկ: Դավիթը ժպտաց, բարձրացրեց գլուխը և բարևեց իր բարձի բնակիչներին, ովքեր ամեն առավոտ արթնացնում էին նրան իրենց աշխույժ ծիծաղով և մուրճի հարվածներով… Բարձի բնակիչ մարդուկները մեծ քաղաք էին կառուցում...
Դավիթը արթնացրեց իր փոքրիկ եղբորը, և նրանք միասին գնացին խոհանոց նախաճաշելու: Խոհանոցի պատուհանից երևում էր, թե ինչպես էին ձյան փաթիլները հարվածում ապակուն և ետ շպրտվում: Դավիթը եղբորը նստեցրեց աթոռին և գնաց դեպի պատուհանը: Իր փոքրիկ քթիկը կպցրեց ապակուն և նայեց վերև: Ձյունը անդադար թափվում էր, և տղային թվում էր` ուր որ է կպոկվի գետնից և կբարձրանա օդ: Այդպես էլ եղավ: Տղան թռչում էր փաթիլների միջով, նրան թվում էր, թե երկինքը սահման չունի, ու նա անվերջ կարող է այդպես բարձրանալ…
Տղայի վերնաշապիկից քաշքշում էր փոքրիկ եղբայրը և խնդրում իջնել դուրս խաղալու: Դավիթը ցնցվեց, զարմացած նայեց եղբորը և այդ պահին միայն հասկացավ, որ խոհանոցում է:
Երեխաները ձյան մեջ թավալվում էին: Այդ պահին եղբայրներից փոքրը հեռվում նկատեց ինչ-որ տարօրինակ շարժվող սև կետ: Այդ կետը գնալով մեծանում էր և որոշակի ձև ստանում: Դա թաղման թափոր էր: Երեխաները զարմացած հետևում էին ամբոխին: Փոքրիկը հարցական հայացքով նայում էր Դավիթին, սակայն Դավիթը հայացքը չէր թեքում հանգուցյալից: Այդ ամենը տևեց մի քանի վայրկյան, մինչև հանգուցյալը բարձրացավ, թռչեց օդ, խառնվեց ձյան փաթիլների մեջ և անհայտացավ... Դավիթը չվախեցավ, եղբայրը՝ նույնպես... կարծես այդպես էլ պետք է լիներ, այդպես էր ճիշտ…
Գիշեր: Դավիթը ծածկոցով ծածկեց քնած եղբորը, ապա գնաց իր մահճակալի մոտ: Մի քանի վայրկյան անշարժ նստեց, ապա նայեց բարձին: Բարձի բնակիչ մարդուկներն արդեն քնած էին: Ուրեմն ժամանակն է քնելու... Տղան փակեց աչքերը և քաղցր քուն մտավ…
Այս սցենարը գրել եմ պատկերապատման փառատոնի շրջանակներում անցկացվող պատկերապատման դասընթացներին մասնակցելու համար:






